Բահայի գրվածքներ

Ամենօրյա ընթերցանության համար

Ո՜վ աշխարհի մարդիկ: Մենք հրամայեցինք ձեզ պահք պահել կարճ ժամանակով և պասի ավարտին նշանակեցինք ձեզ համար Նովրուզ տոնը: Այդպես Ցերեկային Լուսատուն փայլեց գրքի երկնակամարից Նրա հրամանով, Ով աԱստված է սկզբի և վերջի: (Բահաուլլա)

Ամեն ինչի սկիզբն Աստծուն ճանաչելն է և ամեն ինչի վերջը` խստորեն ենթարկվելը այն ամենին, ինչը բխում է Երկնային Սուրբ Կամքից և իշխում է երկնքում ու երկրի վրա: (Բահաուլլա)

Ո՜վ աշխարհի ժողովուրդներ: Ուրեմն, գիտցեք հաստատ, որ Իմ պատգամներն Իմ սիրող նախախնամության զուտ լուսատուներն են Իմ ծառաների մեջ և Իմ գթասրտության բանալիները Իմ արարածների համար: Այդպես է ի վերուստ առաքված ձեր Տիրոջ՝ Հայտնության Տիրոջ Կամքի երկնքից: Եթե որևէ մեկը ճաշակեր այս խոսքերի քաղցրությունը, որոնք Ամենաողորմածի շուրթերը բարեհաճեցին բարբառել, ապակմերժեր երկրի բոլոր հարստությունները, որպեսզի պաշտպաներ Նրա պատգամներից գեթ մեկի ճշմարտությունը, որոնք փայլատակել են Նրա բարեգործ խնամքի ու նուրբ բարության Արևածագին: (Բահաուլլա)

Ընդունեք ձեր թշնամիներին որպես ձեր ընկերների և ձեզ չարիք կամեցողներին՝ որպես բարեկամների: Դուք չպետք է տեսնեք չարիք չարիքի մեջ, այնուհետև գործարքի մեջ մտնեք սեփական կարծիքի հետ, քանզի սիրով և բարությամբ վերաբերվել նրան, ում համարում եք չարիքի կրող կամ թշնամի, կեղծավորություն է, և այդ անարժան է ու անթույլատրելի: Դուք պետք է բարեկամ համարեք ձեր թշնամիներին, ձեզ բարին չցանկացողներին նայեք որպես ձեզ բարիք ցանկացողների և համապատասխանաբար վերաբերվեք նրանց: Գործեք այնպես, որ ձեր սրտերն ազատ լինեն չարությունից: (Աբդուլ-Բահա)

… Այս հզորագույն ուսմունքները բխում են մի Աղբյուրից, դրանք մի Լույսի ճառագայթներ են: Իսկ դրանց միջև գոյություն ունեցող տարբերությունները բացատրվում են այն դարաշրջանների տարբեր պահանջներով, որոնցում դրանք հռչակվել են: (Բահայի Սուրբ Գրվածքներից)

Շուտով կառաջանա անհամեմատելի վարքի մարդկանց ռասա, որը կքայլի աշխարհիկից հեռացման ճանապարհով երկնքի և երկրի բոլոր բնակիչների ներքո և սրբության ձեռքը կտարածի այն ամենի վրա, ինչը ստեղծված է ջրից և կավից: (Բահաուլլա)

Ուղղեք ձեր դեմքերը դեպի միասնություն և թող նրա լույսը լուսավորի ձեզ: Միացեք և հանուն Աստծո վճռեք արմատախիլ անել ամեն տեսակի առիթներ, որոնք տանում են դեպի երկպառակություն: (Բահաուլլա)

Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ: Իմ առաջին խորհուրդն այսպիսին է` ունեցիր մաքուր, սիրող, լուսափայլ սիրտ և կհասնես հավիտենական, հավերժական, անսահման թագավորության: (Բահաուլլա)

Այդ պատճառով Աստծո սիրեցյալները և Ողորմածի սպասավորուհիները պետք է ամբողջ սրտով ու հոգով նախապատրաստեն իրենց երեխաներին և նրանց դաստիարակեն առաքինությունների ու կատարելությունների դպրոցում: Նրանք չպետք է անփույթ լինեն այդ հարցում, նրանք չպետք է գործն ինքնահոսի թողնեն: Իսկապես, ավելի լավ է երեխան ընդհանրապես չապրի, քան թույլ տալ նրան մեծանալ տգետ, քանզի այս անմեղ երեխան հետագայում կխոցվի բազմաթիվ թերություններով, ինչի համար Աստված ծնողներից խիստ հաշիվ կպահանջի, իսկ մարդիկ նրա վրա նախատինքներ կտեղան ու կվանեն: Որքա՜ն մեծ մեղք կլինի դա և որքա՜ն մեծ բացթողում: (Աբդուլ-Բահա)

Բարձրացեք առօրեականությունից ավելի վեր սրտով և հավատի աչքերով նայեք ապագային: Այժմ ցանքի ժամանակն է, սերմն ընկած է հողի մեջ, բայց տեսեք, կգա օրը, երբ նրանից կաճի ճյուղաշատ և պտուղներով լի հիանալի ծառ: Ուրախացեք և ողջունեք այս օրվա արշալույսը. փորձեք ըմբռնել նրա ուժը, քանզի այն, հիրավի, հրաշալի է. Աստված պսակել է ձեզ մեծ պատվով և զետեղել է ձեր սրտերում փայլող աստղեր, արդարև, նրանց լույսը կլուսավորի ամբողջ աշխարհը: (Աբդուլ - Բահա)

Սերը լույս է, որ տունն էլ լուսավորի, իսկ թշնամությունը խավար է, որ տանն էլ այն բնակվի: (Բահայի Սուրբ Գրվածքներից)

Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ: Ես սիրեցի քո ստեղծումը, այդ պատճառով Ես ստեղծեցի քեզ: Ուստի, սիրիր Ինձ, որպեսզի Ես հիշատակեմ քո անունը և կյանքի ոգով լցնեմ քո հոգին: (Բահաուլլա)

Աստված ուղարկում է Իր Մարգարեներին երկու նպատակով: Առաջինը` ազատել մարդկային որդիներին տգիտության խավարից և տանել նրանց դեպի իսկական ըմբռնման լույսը: Երկրորդը` մարդկության համար ապահովել խաղաղություն և հանգիստ և տալ բոլոր միջոցները, որոնց միջոցով դրանք կարող են հաստատվել: (Բահաուլլա)

Մեծագույն ուշադրություն ցուցաբերեք այս հարցին, քանզի դպրոցի հիմնական և առաջնային խնդիրը պետք է լինի բարոյական բարձր արժեքների ուսուցանումը, լավ բնավորության դաստիարակումը և վարքագծի շտկումը: (Բահայի Սուրբ Գրվածքներից)

Ճշմարիտ եմ ասում. շուրթերը կոչված են հիշատակելու այն, ինչը բարիք է, մի ապականեք դրանք անարժան խոսքերով: Տերը ներել է ձեր անցյալը: Այսուհետև յուրաքանչյուրը պարտավոր է բարբառել միայն այն, ինչը վայել է ու պատշաճ և խուսափել անարգանքից, լուտանքներից և այն ամենից, ինչը մարդկանց տխրություն է բերում: (Բահաուլլա)

Բոլոր գործերում ցանկալի է հետևել չափի զգացողությանը: Եթե որևէ բան ծայրահեղության հասցվի, այն չարիքի աղբյուրի կվերածվի: (Բահայի Սուրբ Գրվածքներից)

Սրտի և հոգու համար բնական է հաճույք և ուրախություն ստանալ այն բանից, ինչն արտացոլում է համաչափություն, ներդաշնակություն և կատարելություն: Օրինակ, գեղեցիկ տունը, լավ պլանավորված այգին, համաչափությունն ուրվագծերում, նրբագեղ շարժումը, լավ գրված գիրքը, գեղեցիկ հագուստը` այն ամենը, ինչն ունի նրբագեղություն կամ գեղեցկություն, իսկապես հաճելի է սրտի և հոգու համար… (Աբդուլ-Բահա)