Բահայի հավատ

Ներածություն

Բահայի հավատը Բահաուլլայի հետևորդների կրոնն է: Արաբերենից թարգմանաբար Բահաուլլա նշանակում է «Աստծո Փառք»: Բահաուլլայի հետևորդներն իրենց անվանում են բահայիներ:

Բահայի հավատը համաշխարհային կրոններից ամենաերիտասարդն է: Այն սկիզբ է առել 1844թ-ին Իրանում: Այսօր Բահայի հավատը ներկայացված է ավելի քան 100 000 վայրերում աշխարհի համարյա բոլոր երկրներում և տարածաշրջաններում: Բահայիները պատկանում են տարբեր սերունդների, ազգերի ու մշակույթների: Բահայիների գրականությունը թարգմանվել է մոտ 800 լեզուներով:

Չնայած Բահայի հավատը ծագել է Իրանում` մահմեդական երկրում, այն նույնքան տարբերվում է իսլամից, որքան քրիստոնեությունը` հուդայականությունից: Իր գոյության առաջին հարյուրամյակի ընթացքում այն ներխուժել է աշխարհի բոլոր անկյունները: Բահայի հավատն իր մեջ է ներառում բոլոր ժողովուրդների և սոցիալական խմբերի ներկայացուցիչներին: Այն ամբողջ մարդկությանն առաջարկում է խաղաղության, սիրո և միասնության ճանապարհ, հոգևոր փորձառության, ոգեշնչման և ուրախության ուղի:

Բահայիների միջազգային համայնքը միջազգային հասարակական կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ Երկրի վրա խաղաղության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և մեր մոլորակի ժողովուրդների լրիվ տնտեսական և սոցիալական զարգացման գործում: 1970թ-ից Ընկերակցությունն ունի խորհրդատվական իրավունք ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդում (ՏՆՏՍՈՑ), ներկայացուցիչներ ՄԱԿ-ի նյույորքյան և ժնևյան գլխավոր գրասենյակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի վերաբերյալ ծրագրում (UNEP), որի նստավայրը գտնվում է Նայրոբիում: Միջազգային համայնքի ներկայացուցիչներ կան նաև Վիեննայում, Հռոմում, Բանգկոկում, Ադդիս-Աբեբայում, Սանտյագոյում և Նումեայում (Նոր Կալեդոնիա):

Այդքան տարբեր մաշկի գույն, ավանդույթներ և սոցիալական փորձ ունեցող մարդկությանը բահայիներն առաջարկում են նոր կենսակերպ՝ իր հիմնական գծերում պարզ, սակայն բավականին բարդ` մարդկանց պահանջմունքները բավարարելու համար հիմնարար սկզբունքների կոնկրետ կիրառության դեպքերում:

Այս գիրքը ծառայում է որպես Բահայի կրոնի ներածություն: Այն ոչ մի կերպ չի հավակնում դառնալ նոր համաշխարհային կրոնի համակարգված շարադրություն: Այս պարզ և տարածված ներածությունը նպատակ ունի նկարագրել Բահայի հավատի պատմությունը, սկզբունքները և դիրքը, որն ընթերցողների մոտ հետաքրքրություն կառաջացնի հարցի հետագա ուսումնասիրության հանդեպ:

Մենք վստահ ենք, որ Բահայի հավատի խորացված ուսումնասիրությունը կգրավի ընթերցողին և նա հարյուրապատիկ անգամ կվարձատրվի:
Մերի Պերկինս, Ֆիլիպ Հեյնսվորթ

Ինչպես է ծագել Բահայի հավատը
Իրան


Իրանը բաղկացած է լայնարձակ սարահարթերից, որոնք բոլոր կողմերից շրջապատված են բարձր լեռներով, երկրի կենտրոնում գտնվում է Մեծ Աղի անապատը, հյուսիսում` Կասպից ծովը և Թուրանի անապատը, հարավում` Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը:

Որպեսզի գնահատենք այն պայմանները որոնցում ծագել է Բահայի հավատը, պետք է նկատի ունենալ, որ 19-րդ դարի սկզբում ամբողջ Միջին Արևելքը գտնվում էր քաղաքական, տնտեսական և սոցիալական անկման մեջ:

Իրանի ժողովուրդը, որն անցյալում ստեղծել էր մեծ քաղաքակրթություն, 1800թ-ին թուլացել էր և մեկուսացել համաշխարհային պատմության ընթացքից: Մի խումբ մարդիկ ապրում էին շքեղության մեջ, այն ժամանակ, երբ մեծամասնությունը տառապում էր աղքատությունից, հիվանդությունից և տգիտությունից: Բարեփոխումներ անելու փորձերը կանգ էին առնում լայնորեն տարածված կոռուպցիայի, կաշառակերության և իշխանության չարաշահման պատճառով:

Իրանի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ էին, սակայն երկրում կային նաև զրադաշտական, հուդայական և քրիստոնեական հավատների հետևորդներ: Տարբեր կրոնների հետևորդների միջև չէր մարում փոխադարձ անհանդուրժողականությունը: Միաժամանակ Իրանը մեծ նշանակություն ուներ իսլամի, ինչպես նաև քրիստոնեության համար, քանի որ այդ երկիրը հիշատակված է երկու կրոնների Սուրբ Գրվածքներում: Պատվելի հայր Խ. Բոնարը, ով 19-րդ դարի սկզբին գրել է բիբլիական մարգարեների մասին, ընդունում էր Աստվածաշնչի մարգարեությունը Ասորեստանի, Էլամի և Իրանի վերաբերյալ, չնայած խոստովանում էր, որ չի հասկանում այն պատճառները, որոնցով այդ վայրերը պետք է դառնան այդքան օրհնյալ «վերջին օրերին»:

Ավետյացի փնտրտուքները


18-րդ դարի վերջում Շեյխ Ահմադ անունով կրթված և առաքինի կյանք վարող մահմեդականը ճամփա ընկավ դեպի Պարսից ծոցի կղզիներից մեկը: Այդ ուղուն նրան դրդեց այն համոզմունքը, որ շուտով Երկրի վրա կհայտնվի «Ավետյացը»` մեծ մարգարեն, որի մասին հիշատակվում է Իսլամի Գրվածքներում:

Շեյխ Ահմադը հավատում էր, որ Աստծո Դեսպանորդը, որի գալուստը կանխագուշակված էր հնուց, կդառնա մարդկության մեծագույն ուսուցիչը, որին սպասում էին բոլոր ժողովուրդները: Շեյխ Ահմադը ենթադրում էր, որ աշխարհում Նրա հայտնվելը մարդկության համար կնշանավորի նոր՝ խաղաղության և բոլոր կրոնների միավորման դարաշրջանի սկիզբը:

Սկզբում Շեյխ Ահմադն ուղևորվեց Իրաք` Նեդջեֆ, իսկ հետո Քերբելա` մահմեդականների սուրբ քաղաք: 680թ-ին Քերբելայում նահատակվել է իմամ Հուսեյնը` Մուհամմեդ մարգարեի թոռը: Հենց այստեղ` Քերբելայում, իր քարոզչական գործունեությունը սկսեց Շեյխ Ահմադը, որից հետո մեկնեց Իրան: Այստեղ նա հանդիպեց մի երիտասարդի Սեյիդ Քազիմ անունով (սեյիդը տիտղոս է, որը նշանակում է, որ տվյալ անձը Մուհամմեդի սերունդից է): Լսելով Շեյխ Ահմադի ուսմունքի մասին` Սեյիդ Քազիմը կտրեց-անցավ ամբողջ երկիրը նրան հանդիպելու համար: Շեյխ Ահմադը նրան ուրախությամբ դիմավորեց: Նա հասկացավ, որ նրա մեջ գտել է մի մարդու, ում հետ կարող է կիսվել իր գիտելիքներով և իր սրտի ձգտումներով: Նրանք սկսեցին միասին աղոթք կարդալ և սովորել, ճանապարհորդել և ուսուցանել այլ մարդկանց:

Շեյխ Ահմադն իր հետևորդ նշանակեց Սեյիդ Քազիմին: Իր ուսուցչի մահից հետո Սեյիդ Քազիմը մնաց Քերբելայում և շարունակեց այնտեղ քարոզել Ավետյացի գալուստի լուրը: Նրա աշակերտներից մեկը Մուլլա Հուսեյնն էր: Նա մաքուր սիրտ ուներ, ձգտում էր ճշմարտության և ուներ հիանալի աստվածաբանական կրթություն: Սեյիդ Քազիմը հասկացավ, որ կարող է իր հույսը դնել Մուլլա Հուսեյնի վրա և ուղարկեց նրան Իրան հատուկ առաջադրանքով: Միաժամանակ շարունակում էր աճել Սեյիդ Քազիմի Նոր Հայտնության անխուսափելիության մեջ համոզվածությունը: Նա զգում էր, որ պետք է բարձրացնի վարագույրը, որը թաքցնում է Աստծո գանձը, այդ վարագույրը կարող էր խանգարել իր աշակերտներին ճանաչել Նրան, երբ Նա գար: Սեյիդ Քազիմն ասաց նրանց.

«Նա ազնվական ծագում ունի…Մարգարեի սերնդից է… Նա երիտասարդ է և օժտված է բնատուր գիտելիքներով: Նրա ուսմունքը հիմնված չէ Շեյխ Ահմադի քարոզների վրա, այն Աստծուց է: Իմ գիտելիքն ընդամենը կաթիլ է Նրա գիտելիքների անսահմանության առջև, այն, ինչ ես կարող եմ, ընդամենը փոշի է Նրա բարեհաճության և զորության հրաշքների առջև… Նա միջին հասակի է, չի ծխում և տարբերվում է անսովոր աստվածավախությամբ և բարեպաշտությամբ»:

Սեյիդ Քազիմը պատվիրեց իր հետևորդներին ճանապարհորդել բոլոր երկրներով մեկ և փնտրել Ավետյացին` զոհաբերելով ամեն ինչ` հարմարավետություն, ունեցվածք, և եթե պետք լինի նաև կյանքը:

Վերադառնալով Իրանից Քերբելա` Մուլլա Հուսեյնն իր ուսուցչին կենդանի չգտավ: Նա քառասուն օր անցկացրեց պաս պահելով և աղոթելով` իր սիրտը պատրաստելով Ավետյացի փնտրտուքի ճանապարհորդության համար: Ոգևորված նրա օրինակով նույնը սկսեցին անել նաև Սեյիդ Քազիմի որոշ այլ աշակերտներ: Քառասուն օր անց Մուլլա Հուսեյնը ճանապարհ ընկավ: Նա իրեն ուղեկից վերցրեց եղբորը և զարմիկին, որոնցից յուրաքանչյուրն այդ ժամանակ հազիվ 20 տարեկան լիներ:

Երեք երիտասարդները լքեցին Քերբելան` ոչ մի պատկերացում չունենալով այն մասին, թե որտեղ իրենք պետք է սկսեն իրենց փնտրտուքները: Նրանք կրակոտ աղոթքով դիմեցին Աստծուն և Մուլլա Հուսեյնը զգաց, որ իրեն մագնիսի պես անզսպորեն ձգում է Շիրազը` Իրանի հարավում գտնվող քաղաքը, որը հայտնի էր բանաստեղծներով, ծաղկուն այգիներով և սոխակներով:

Մի երեկո Մուլլա Հուսեյնը և իր ուղեկիցները հոգնած, սոված և ճանապարհի փոշով պատված մոտեցան Շիրազի դարպասներին: Մուլլա Հուսեյնն իր ուղեկիցներին քաղաք ուղարկեց, իսկ ինքը մնաց քաղաքի պատերից այն կողմ` մտորելով այն մասին, թե ինչ է իրեն վիճակված գտնել Շիրազում, և որքանով դա նրան կմոտեցնի Ավետյացին:

Այն ժամանակ, երբ Մուլլա Հուսեյնը կանգնած էր քաղաքի դարպասների մոտ, նրան մոտեցավ մի երիտասարդ` կանաչ գլխափաթթոցով (ինչը մատնացույց էր անում Մուհամմեդ մարգարեի սերունդից լինելը): Երիտասարդի դեմքից բարյացակամություն էր ճառագում: Նա ժպտաց և հրավիրեց Մուլլա Հուսեյնին` մտնել Շիրազ այնպիսի տոնով, կարծես նրանք վաղուցվա ընկերներ էին: Անծանոթի հմայքը, ընկերասիրությունը, կոկիկությունը ճանապարհից հոգնած Մուլլա Հուսեյնի վրա բարերար տպավորություն թողեցին: Անծանոթի ընկերակցությունը դուր էր գալիս նրան: Քաղաք մտնելու և իր տանը հանգստանալու առաջարկին ի պատասխան` Մուլլա Հուսեյնը բացատրեց, որ իր ուղեկիցներին քաղաքի դարպասներից ներս է ուղարկել և պետք է նրանց սպասի: «Նրանց Աստծո խնամքին թող, անկասկած, Նա կպաշտպանի նրանց և կհովանավորի,- ասաց երիտասարդ անծանոթը և ուղեկցեց Մուլլա Հուսեյնին դեպի Շիրազ:

Բաբի հռչակումը

Երիտասարդին, ով հանդիպեց Մուլլա Հուսեյնին Շիրազի քաղաքային դարպասներից այն կողմ, անվանում էին Սեյիդ Ալի Մուհամմեդ: Երկու ծնողների կողմից էլ Նա Մարգարեի տոհմից էր: Սեյիդ Ալի Մուհամմեդը ծնվել էր 1819թ-ի հոկտեմբերի 20-ին: Նրա հայրը մահացել էր, երբ Սեյիդ Ալին դեռ շատ երիտասարդ էր և պատանու մասին հոգալու պատասխանատվությունն իր վրա վերցրել էր Նրա քեռին: Երբ առաջին անգամ Սեյիդ Ալին դպրոց գնաց, ուսուցիչը Նրան տուն ուղարկեց: Ուսուցչի խոսքերով նա չէր կարող տղային ինչ-որ բան տալ, ինչը նա ինքը դեռ չգիտեր: Ալի Մուհամմեդն ուներ անսովոր բնածին գիտելիքներ, որոնք վերցված չէին գրքերից կամ ինչ-որ մեկից: Այդ գիտելիքն օգնում էր Նրան պատասխանել ամենադժվարին հարցերին, այդ թվում այնպիսիքներին, որոնց պատասխանն անգամ ուսուցիչները չգիտեին:

Պատանի տարիքից Ալի Մուհամմեդը սկսեց աշխատել իր քեռու հետ առևտրական գործակալությունում՝ Շիրազում և Բուշիրի նավահանգիստում զբաղվելով նրա գործերով: Շուտով Նա հարգանք վաստակեց համեստության և գործերում արդարության, բարեպաշտության և աստվածավախության, գիտելիքների լայնության և խորության, վեհանձնության և լավ վարքի շնորհիվ: Երբ Նա հանդիպեց Մուլլա Հուսեյնին, Սեյիդ Ալի Մուհամմեդն արդեն տաս տարի առևտրով էր զբաղվում: Նա ամուսնացած էր իր մոր զարմուհու հետ, բայց նրանց միակ որդին մահացավ, երբ մեկ տարեկան էր: Ահա, թե իրենից ինչ էր ներկայացնում անծանոթ երիտասարդը, ով հանդիպեց Մուլլա Հուսեյնին և քաղաքավարությամբ հրավիրեց Շիրազի խաղաղ ծայրամասի իր համեստ տունը: Մուլլա Հուսեյնը զգում էր, որ նոր ծանոթի ներկայությամբ նրա հոգում աճում էր խաղաղության և երջանկության զգացումը:

Եկավ երեկոյան նամազի ժամանակը - աղոթքի, որը կատարում են բոլոր մուսուլմանները: Երկու երիտասարդները ծնկները ծալեցին աղոթելու համար: Մուլլա Հուսեյնն անկեղծորեն խնդրեց Աստծուն, որ այդ տարօրինակ հանդիպումն օգնի իրեն Ավետյացի փնտրտուքներում: Երբ աղոթքի բառերն արտասանվեցին, նրանք շարունակեցին զրույցը: Զգացված լինելով տանտիրոջ մեծ բարությունից, արժանապատվությունից և քաղաքավարությունից՝ Մուլլա Հուսեյնը նրա առջև բացեց իր սրտի խորը ձգտումները: Նա պատմեց իր ճամփորդության և փնտրտուքների մասին: Ալի Մուհամմեդն ուշադրությամբ լսեց նրան, իսկ հետո հարցրեց, թե արդյո՞ք Սեյիդ Քազիմը հիշատակել է որևէ նշաններ, որոնցով նրա աշակերտները կկարողանային ճանաչել Ավետյացին: Ի պատասխան Մուլլա Հուսեյնը կրկնեց իր ուսուցչից լսածը. «Նա հիանալի ծագում ունի ուղիղ գծով… Նա օժտված է բնածին գիտելիքներով… մարմնական թերություններ չունի…»:

Երբ Մուլլա Հուսեյնն ավարտեց խոսքը, սենյակում մի քանի րոպե լռություն տիրեց: Այնուհետև հանգիստ, բայց տիրական և ուժեղ ձայնով Սեյիդ Ալի Մուհամմեդն արտասանեց. «Նայի՛ր, այդ բոլոր նշանները միավորված են իմ մեջ»:

Մուլլա Հուսեյնը ցնցված էր: Նա սկսեց առարկել: Ավետյացը, ասում էր նա, պետք է մեծ սրբության մարդ լինի, իսկ Նրա Գործը, որը Նա կհռչակի, կդառնա մեծ հզորության Գործ: Սակայն, այդ ամենն ասելով, Մուլլա Հուսեյնը միաժամանակ զգում էր նաև խղճի խայթ և ակնածանք: Դադարեցնելով իր առարկումները` նա մի թուղթ հանեց, որը գրված էր դրանից մի քանի տարի առաջ: Թղթի վրա Շեյխ Ահմադի և Սեյիդ Քազիմի ուսմունքի ամենախրթին հատվածները մեկնաբանելու փորձեր էին արված: Նա խնդրեց տանտիրոջը նայել այդ թղթին: Նա անմիջապես կարդաց այն և Մուլլա Հուսեյնին հանդիպած բոլոր դժվարություններին տվեց պարզ և հստակ բացատրություն: Այնուհետև Ալի Մուհամմեդն ասաց. «Իսկ այժմ եկավ Հովսեփի սուրահի իմաստը բացահայտելու ժամանակը»:

Մուլլա Հուսեյնին պատեց հիացմունքն ու մեծագույն ուրախությունը: Հովսեփի Սուրահը (այսինքն գլուխը) Ղուրանի մի մաս է: Մի անգամ Մուլլա Հուսեյնը խնդրեց Սեյիդ Քազիմին իր համար մեկնաբանություն գրել այդ սուրահի վերաբերյալ: «Դա հիրավի վեր է իմ ուժերից»,- պատասխանեց Սեյիդ Քազիմը: «Նա՝ Մեծագույնը, Նա, ով կգա ինձնից հետո, կբացատրի այն քեզ առանց քո խնդրանքի»:

Արտաբերելով այդ բառերը, որոնք կանխագուշակված էին Մուլլա Հուսեյնի ուսուցչի կողմից՝ տանտերը վերցրեց փետուրը և սկսեց գրել: Գրելով բառերը՝ Նա սկսեց մեղեդային ձայնով երգել: Նա կանգ չառավ մինչև չգրեց մի ամբողջ գլուխ, որը կոչվում էր «Տիրակալության սուրահ»: Հիանալով Նրա ձայնով և արտասանված բառերի զորությամբ՝ Մուլլա Հուսեյնը նստեց և լուռ լսեց:

Շիրազի երիտասարդ առևտրականի այդ հայտարարությունը, որը կոչվում է Բաբի Հռչակում այն մասին, որ նա՝ Սեյիդ Ալի Մուհամմեդը, հիրավի Ավետյացն է, Մուլլա Հուսեյնին արվեց 1844թ-ի մայիսի 22-ի արևամուտից երկու ժամ և տասնմեկ րոպե անց: Այդ ամսաթիվն ու ժամը բահայի հավատի հետևորդների կողմից նշվում է որպես մարդկության պատմության նոր դարաշրջանի սկիզբ:

«Ո՛վ դու, ով առաջինը հավատաց Ինձ,-հենց այս խոսքերը Նա ասաց Մուլլա Հուսեյնին,- ճշմարիտ եմ ասում, Ես Բաբն եմ, այսինքն Աստծո Դարպասները»:

«Բաբ» բառն արաբերեն նշանակում է «դարպասներ»: Այսպես Բաբը հայտարարեց իր մասին որպես խաղաղության և համաշխարհային եղբայրության նոր դարաշրջանի դարպասների: Նա հռչակեց, որ Իր առաքելությունը առավել նշանակալից Դեսպանորդի հայտնվելը կանխագուշակելն ու նախապատրաստելն է, որը պետք է Նրանից հետո գար: Այդ Մեծ Դեսպանորդին Նա անվանեց «Նա, Ում Աստված կհայտնի»: Բաբն ասում էր, որ այդ ապագա Դեսպանորդը կմիավորի բոլոր ժողովուրդներին և Երկրի վրա կհաստատի արդարություն և հավերժ խաղաղություն:

Մոռանալով ժամանակի, իրեն փնտրող ուղեկիցների մասին` Մուլլա Հուսեյնն ամբողջ գիշերն անցկացրեց լսելով Բաբի պատմությունը: Քաղաքը խաղաղությամբ քնել էր: Բաբը նախազգուշացրեց Մուլլա Հուսեյնն, որ որոշակի ժամանակ նա չպետք է ոչ-ոքի, անգամ իր ուղեկիցներին պատմի այն մասին ինչ տեսել է և լսել:

«Տասնութ մարդ,- ասաց Բաբը,- պետք է սկզբից ընդունեն ինձ իրենց սրտի կանչով: Առանց կանչի և հրավերի, իրարից անկախ նրանք բոլորը կգտնեն ճանապարհն առ ինձ»:

Երբ Շիրազի մինարեթներից հասավ առավոտյան աղոթքի կոչը, Մուլլա Հուսեյնը լքեց Բաբի տունը: Ուրախությունը, հիացմունքը, ոգեշնչումը և ակնածանքը լցնում էին նրա հոգին:

«Նրա Հայտնության մասին իմացությունը,- խոստովանեց նա,- արթնացրեց իմ էությունը: Ես զգացի, թե ինչպես խիզախությունը և զորությունը տիրեցին իմ էությանը, և, եթե ամբողջ աշխարհն իր ցեղերով և ցեղապետերով ոտքի ելնեին իմ դեմ, միայնակ, առանց վախի ես կհաղթահարեի նրանց գրոհը: Տիեզերքն ինձ մի բուռ փոշի էր թվում իմ ափի մեջ»:

Անցավ քառասուն օր, նախքան Բաբի մյուս հետևորդները սկսեցին ընդունել Նրան: Մեկը մյուսի ետևից, մեկը մյուսից անկախ, մեկը պասի և աղոթքի, մեկին երազներում և երազանքներում բացվում էր երիտասարդ շիրազցի վաճառականի բնակության վայրը: Բոլոր նրանք անցյալում եղել էին Սեյիդ Քազիմի աշակերտները և թվում էր նույն ուժը, որը երբևէ բերել էր Մուլլա Հուսեյնին Շիրազ, այժմ ձգում էր նրանց դեպի Իրանի հարավում գտնվող այդ քաղաքը: Վերջինը եկավ Քուդդուս անունով մի երիտասարդ: Ճանապարհից հոգնած, փոշոտված նա հասավ Շիրազ: Փողոցում տեսնելով Մուլլա Հուսեյնին` նա սկսեց անհամբերությամբ հարցաքննել նրան, թե ինչ նորություններ կան Ավետյացի փնտրտուքների գործում: Մուլլա Հուսեյնը ջանում էր հանգստացնել նրան, բայց անօգուտ. Քուդդուսը տեսավ Բաբին: «Ինչու՞ ես ուզում թաքցնել Նրան ինձնից,- բացականչեց նա ապշած Մուլլա Հուսեյնին: Չէ, որ ես Նրան անգամ քայլվածքով կճանաչեի: Վստահաբար վկայում եմ, որ ո՛չ Արևելքում, ո՛չ Արևմուտքում, ոչ-ոք Նրանից բացի, չի կարող հավակնել նրան, որ Ճշմարիտ լինի: Ոչ ոք չի կարող լուսարձակել այնպիսի հզորություն և վեհություն, ինչպիսին բխում է Նրա սուրբ էությունից»:

Բաբը կանչեց աշակերտներին, որոնք հավաքվել էին Շիրազում և հրամայեց նրանց սփռվել Պարսկաստանով մեկ` տարածելով Նրա ուսմունքը և նախապատրաստելով սրտերը Նրա գալուստին, Ում Աստված կհայտնի: Նա նրանց ասում էր մեծ պատասխանատվության մասին, պահանջում էր զգուշավորություն և չափավորություն, նախազգուշացնում էր, որ իրենց ջանքերին ի պարգև հնարավոր է նրանք ստիպված լինեն ընդունել կտտանքներ և մահ:

«Ես ձեզ նախապատրաստում եմ Մեծագույն օրվա գալուստին: Ձեր բոլոր ջանքերը գործադրեք, որ Ես, ով այժմ ուսուցանում է ձեզ, ապագա աշխարհում Ամենակարեկից Աստծո Գահի առջև ուրախանամ ձեր արարաքներից և փառավորվեմ ձեր հաջողություններով: Գալիք Օրվա գաղտնիքն այժմ թաքնված է: Այն հնարավոր չէ ո՛չ բացահայտել, ո՛չ գնահատել: Նորածին երեխան այդ Օրը կգերազանցի մեր ժամանակի ամենաիմաստուն և պատվելի մարդկանց: Այդ դարաշրջանում ամենանվաստն ու անկիրթը իր խելքով կգերազանցի այս ժամանակաշրջանի ամենագիտուն և կատարյալ աստվածաբաններին: Տարածվեք երկրով մեկ, անխոնջ ոտքերով և լուսավորված սրտով պատրաստեք Նրա գալուստի ճանապարհը:

Ուշադրություն մի դարձրեք ձեր թուլությանն ու անցավորությանը, կենտրոնացրե՛ք ձեր հայացքը Տիրոջ` ձեր Աստծո, Ամենազորի անկործան ուժի վրա: Արդյո՞ք Նա չէր, որ Աբրահամին ուժ տվեց, չնայած Նրա արտաքին թուլությանը, հաղթանակ տանելու Նիմրոդի ուժերի դեմ: Արդյո՞ք Նա չօգնեց Մովսեսին, ում միակ ուղեկիցն իր գավազանն էր, հաղթել փարավոնին և նրա զորքերին: Արդյո՞ք Նա չհաստատեց մարդկանց աչքերում աղքատ և նվաստացած Հիսուսի իշխանությունը հրեաների բոլոր ուժերի վրա: Արդյո՞ք Նա չենթարկեց բարբարոս և զինված արաբական ցեղերին Իր Մարգարե Մուհամմեդի սուրբ և վերափոխող ուսմունքին: Ոտքի ելեք հանուն Աստծո անվան, լիովին վստահեք Նրան և հավատացեք վերջնական հաղթանակին»:

Բաբի քարոզը

Բաբի հետևորդներն ուրախությամբ ճանապարհ ընկան տարածելու Նրա ուսմունքը: Նրանց փոխանցած լուրը Իրանում անսովոր հուզմունք ծնեց: Հազարավոր մարդիկ էին հավաքվում նրան լսելու և Նրա փառքն օրեցօր մեծանում էր: Հարուստները և աղքատները, տգետներն ու կրթվածները, քաղաքացիները և գյուղացները բոլորը հավասարապես ցանկանում էին որքան հնարավոր է շատ բան իմանալ: Բաբի հետևորդներ դարձան մի քանի գիտնականներ և խորապես հարգված կրոնական գործիչներ: Իշխանություններն անհանգստացան: Շիրազում բռնեցին Քուդդուսին և Բաբի տարեց հետևորդներից մեկին, նրանց մորուքներն այրեցին, ծակեցին նրանց քթանցքները և այդ անցքերով պարան անցկացնելով նրանց տարան քաղաքով մեկ: Նրանց ծեծեցին և աքսորեցին Շիրազից` նախազգուշացնելով, որ եթե նրանք վերադառնան, նրանց կխաչեն:

Իրանում ծավալվեց բաբիների կատաղի հետապնդումների ալիքը, Բաբը տնային կալանքի ենթարկվեց: Հուզումների պատճառը քննելու համար շահն ուղարկեց մի մարդու Վահիդ անունով, ով բավականին կրթված, հարգված և ազդեցիկ մարդ էր. շահը վստահում էր նրան: Բաբի հետ երեք հանդիպումից հետ Վահիդը դարձավ նրա նվիրված հետևորդը և անձամբ սկսեց տարածել Նրա ուսմունքը:

Իրադարձությունների նման շրջադարձը շատ անհանգստացրեց Մեծ Վեզիրին` շահի առաջին նախարարին: Նա վախենում էր, որ շահի հետ Բաբի հանդիպման դեպքում, վերջինս կազդի տիրակալի վրա: Մեծ Վեզիրը հասավ Բաբի` երկրի հյուսիսային սահմանի մոտակայքում գտնվող Մահ-Քուի բանտում ձերբակալմանը:

Մահ-Քուի բանտի մոտակայքում ապրում էին հասարակ գյուղացիներ: Սեփական գյուղի սահմաններից դուրս կատարվող իրադարձությունները նրանց չէին հետաքրքրում, իսկ եկվորները թշնամություն էին առաջացնում: Սկզբնական շրջանում բանտապետը նույնպես թշնամաբար էր տրամադրված Բաբի հանդեպ, սակայն շուտով նա հասկացավ, որ այդ կալանավորն արտասովոր մարդ է: Նա սկսեց հարգել և սիրել Բաբին: Բաբի ազդեցությունն իրենց վրա զգացին նաև տեղի գյուղացիները: Նրանք սկսեցին հավաքվել բանտի պատերի տակ այն հույսով, որ կլսեն Բաբի երգած աղոթքները: Նրանք Նրան էին դիմում իրենց ամենօրյա աշխատանքն օրհնելու խնդրանքներով և իրար առջև երդվում էին Նրա անունով: Բոլոր կողմերից ուխտագնացներ էին գալիս, բանտապետը թողնում էր նրանց Բաբի մոտ և ինքն էլ աստիճանաբար դարձավ Նրա հավատարիմ կողմնակիցը:

Մեծ Վեզիրը կրկին անհանգստացավ և տեղափոխեց Բաբին դեպի ավելի հեռավոր Չեհրիք ամրոց, որը ղեկավարում էր շահի փեսան: Նա դաժան և անկանխատեսելի վարք ուներ: Սկզբում նա Բաբի հետ շատ խիստ էր վարվում, սակայն հետո նա նույնպես ենթարկվեց Նրա հմայքին: Այստեղ նույնպես Բաբը վայելում էր տեղացիների հարգանքն ու սերը: Նորից սկսեցին այցելուներ գալ: Նրանցից մեկը դերվիշի շորեր հագած եկել էր անգամ Հնդկաստանից: Իր երկրում նա արքայազն էր, բայց Բաբին տեսնելով իր տեսիլքներում, Նրա հետ մեկ հանդիպման համար հրաժարվեց հարստությունից և հասարակական դիրքից: Բաբը նրան ետ Հնդկաստան ուղարկեց Իր ուսմունքը տարածելու:

Իրանում Բաբի ուսմունքի տարածմանը զուգահեռ աճում էին նաև ճնշումները: Դաժանորեն տանջվեցին և սպանվեցին Բաբի առաջին աշակերտները և հարյուրավոր մարդիկ, ովքեր հետևել էին նրանց քարոզներին: Եթե նրանք հրաժարվեին իրենց հավատից, նրանց կյանքը կխնայեին: Սպանվեց նաև Բաբի քեռին, ով մեծացրել էր Նրան, քանի որ հավատացել էր իր քրոջ որդու առաքելությանը: Հետևորդների մահը Բաբին վիշտ և տխրություն էր բերում: Նա գիտեր, որ շուտով կգա նաև Իր հերթը և Չեհրիքի բանտում Նա գրում է Իր Հայտնության մեծ մասը:

Չկարողանալով դադարեցնել Բաբի շարժման տարածումը և այդպիսով վերջնականապես արմատախիլ անել հերետիկոսությունը՝ 1850թ-ին պարսկական իշխանությունները որոշեցին գլխատել Բաբին: Այսպիսով Նրա կարճ վեցամյա քարոզը, որից երեք տարին Նա անցկացրեց համեմատական ազատության, իսկ մյուս երեքը` բանտարկության մեջ, սրընթացորեն մոտենում էր իր բախտորոշ կետին:

Բաբի մահապատիժը


Բաբը տեղափոխվեց Թավրիզ: Երբ Նրան տանում էին քաղաքի փողոցներով, մի երիտասարդ ընկավ Նրա ոտքերի մոտ՝ աղաչելով, որ նրան թույլ տան մեռնել Բաբի հետ միասին: Երիտասարդին բռնեցին և նույնպես մահապատժի դատապարտեցին:

Իր վերջին օրն այս աշխարհում Բաբն անցկացրեց բարձր և ուրախ տրամադրությամբ: Նա գիտեր, որ չնայած բոլոր դժվարություններին, Նրա առաքելությունն իրականացված է: Հաջորդ օրն առավոտյան, երբ Նա վերջին կարգադրություններն էր թելադրում իր աշակերտին, Նրա պարապմունքներն ընդհատվեցին: Մահապատժի կազմակերպիչների ուղարկած զինվորները, փորձում էին շտապեցնել Նրան, բայց Նա սպային այսպես պատասխանեց. «Մինչև Ես չասեմ այս մարդուն այն ամենը, ինչ ունեմ ասելու, ոչ մի երկրային ուժ չի կարող խանգարել Ինձ: Եթե Իմ դեմ ելնեն անգամ աշխարհի բոլոր բանակները, նրանք ստիպված կլինեին հաշտվել ինձ Իմ մտադրությունների իրականացումից կտրելու անկարողության հետ»:

Այն, ինչ հետո տեղի ունեցավ, զարմանալիորեն հիշեցնում է այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նկարագրվող դեպքերից տասնութ դար առաջ, երբ նույն կերպ առանց օրինական դատաստանի իր դատավճիռը ստացավ Քրիստոսը: Բաբին տարան երեք կրոնական առաջնորդների տներ, որոնք ստորագրեցին Նրա դատավճիռը: Կրոնական առաջնորդներից և ոչ մեկը չկամեցավ հանդիպել Նրա հետ: Անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրվեցին, հաստատվեցին և կնքվեցին:

Բաբին տարան Թավրիզի փողոցներով, որտեղ մահապատիժը տեսնելու էին եկել մոտ տաս հազար մարդ:

Վաշտի հրամանատարը, ով պետք է իրականացներ դատավճիռը քրիստոնյա Սամ Խանն էր: Խորապես զգացվելով Բաբի բարությամբ և հեզությամբ` նա շատ էր անհանգստանում իրեն սպասվելիք առաջադրանքից:

«Ես ձեր դեմ ոչինչ չունեմ,- ասաց նա Բաբին: - Եթե ձեր Գործը Ճշմարտության Գործն է, ինձ հնարավորություն տվեք ազատվել ձեր արյունը թափելու պարտականությունից»:

«Հետևեք ձեր կարգադրություններին,- պատասխանեց Բաբը: -Եթե ձեր մտադրություններն անկեղծ են, Բարձրյալն, անկասկած, կազատի ձեզ դժվարություններից» :

Բաբն ու Նրա երիտասարդ ուղեկիցը կախվեցին պարաններով զորամասի պատից և Սամ Խանի վաշտից յոթ ու կես հարյուր զինվորներ նշան բռնեցին և կրակեցին Նրա վրա: Երբ կրակոցների ծուխը ցրվեց, հիացմունքի հզոր ճիչ դուրս եկավ ամբոխից: Բաբը չկար, իսկ երիտասարդը, ով կապվել էր Նրա կողքին, անվնաս կանգնած էր: Դրան հետևեցին Բաբի հուսահատ փնտրտուքները: Երբ Նրան գտան, Նա ավարտում էր կարգադրություններ տալը, որով զբաղված էր մինչ զինվորների Իր բանտախուց գալը:

«Այժմ Ես ավարտեցի ասելիքս,- ասաց Բաբն իրեն փնտրողին: - Կարող եք շարունակել իրականացնել այն, ինչ մտադրված էիք»:

Սամ Խանը հրամայեց իր վաշտին լքել զորամասի տարածքը և հրաժարվեց մահապատժում հետագա մասնակցությունից: Մեկ այլ վաշտ բերեցին: Այս անգամ Բաբի և Նրա ուղեկցի մարմինները կտոր-կտոր եղան, և միայն նրանց երեսները մնացին գրեթե անվնաս:

Այդ մահապատիժը տեղի է ունեցել 1850թ-ի հուլիսի 9-ին:

Հենց նույն օրը քաղաքին վրա հասավ ուժեղ փոթորիկը: Ուժեղ քամի էր, և ողջ օրը փոշին պատել էր ամբողջ երկինքը: Բաբի և Նրա երիտասարդ ուղեկցի մարմինները նետվեցին քաղաքային դարպասներից այն կողմ, որպեսզի բաբիները չկարողանային դրանց տիրանալ: Չնայած պահակախմբին՝ Բաբի հետևորդներն, այնուամենայնիվ, կարողացան դա անել և թաքցրեցին մարմինն ապահով վայրում:

Բաբը և Նրա առաքելությունը


Բաբն իրեն հռչակեց որպես Աստծո ինքնուրույն Հայտնության կրող և իրենից ավելի նշանակալից Դեսպանորդի նախակարապետ: Բաբը ձևափոխեց իսլամի օրենքները և ծեսերը, որոնք վերաբերվում էին աղոթքին, պասին, ամուսնությանը, ամուսնալուծությանը և ժառանգությանը: Նրա գրվածքներում կրկնվում է «Նրա, Ում Աստված կհայտնի» գալուստի թեման: Այդ գալիք դեսպանորդին Նա գովք է հղում և կոչ է անում իր հետևորդներին ձգտել Նրան, անգամ, եթե դրա համար ստիպված լինեն սողալ ձյան վրայով: «Ես,- ասում էր Բաբը,- ընդամենը Նրա ծառաներից առաջինն եմ, նրանցից, ովքեր հավատում են Նրան և Նրա նշաններին, նրանցից, ովքեր մաս ունեն Նրա ասույթների բարի քաղցրությունից, Նրա գիտելիքների դրախտի առաջին պտուղներում»: Բաբը հավատում էր, որ հաջորդ Դեսպանորդը կգա Իր մահից անմիջապես հետո:

Բաբի մահապատժից երկու տարի անց Նրա երիտասարդ հետևորդներից երկուսը, ում ուղեղները մթագնել էին հուսահատությունից և վշտից, հարձակում գործեցին շահի վրա: Նրանց օգտագործած զենքը, շատ պարզունակ էր և շահն ընդամենը աննշան վնասվածք ստացավ: Այդ հարձակումն առաջացրեց բաբիների հանդեպ հետապնդումների ալիք: Իշխանությունները հրահրեցին ժողովրդին աջակցել վրեժի արշավին, որն ուղղված էր երկիրը բաբիներից ազատելուն:

Սարսափելի ջարդերի հետևանքով գազանաբար սպանում էին տղամարդկանց, կանանց և երեխաներին: Սպանությունների և փողոցներում գազանությունների արյունալի տեսարանների վկա չդառնալու համար Իրանում գտնվող օտարերկրացիները նախընտրում էին փողոց դուրս չգալ: Բանտարկվեց նաև ամենահայտնի բաբին, ով հետագայում հայտնի դարձավ Բահաուլլա անունով:

Բահաուլլա


Բահաուլլա արաբերեն նշանակում է «Աստծո փառք». այդ պատվանունը նշվում է Բաբի կողմից: Մարդն, ով ընդունել էր այն, իր ծնվելուց անվանվել էր Միրզա Հուսեյն Ալի և ծնվել էր 1817թ-ի նոյեմբերի 12-ին Թեհրանի ամենահայտնի ընտանիքներից մեկում: Նրա հայրը շահի պալատի գլխավոր նախարարն էր. Բահաուլլան դեռ փոքրուց շրջապատված էր հարստությամբ, հարմարավետությամբ և շքեղությամբ: Նա բարակ մետաքս էր կրում և ուտում էր լավագույն սնունդը: Նրա ընտանիքը տնօրինում էր հոյակապ տների: Ինչպես մյուս երիտասարդ պարսիկները, որոնք ունեին ազնվական պաշտոններ այդ դարաշրջանում, Բահաուլլան սովորել է իսլամի հիմունքները, պարսկական գրականություն և պոեզիա, ինչպես նաև գեղագրություն: Բաբի նման Բահաուլլան ևս ուներ անսովոր գիտելիքներ, որոնք չէին սերում ուսուցչից կամ գրքերից: Մարդիկ ապշում էին Նրա գիտելիքների խորությունից և լայնությունից, Նրա բացառիկ տրամաբանական և բանավիճելու կարողությունից: Յոթ տարեկանում Նա մի անգամ ստիպված էր փոխարինել հորը պալատում գույքային ինչ-որ վեճի հարցով և շահեց գործը:

Բացառիկ ունակությունները Նրա մեջ մեծ հպարտություն չէին առաջացնում: Նա համեստ էր և ուրախ, կամեցող և բարի: Նա հասարակ նախասիրություններ ուներ: Սիրում էր բնություն, թռչուններ, ծառեր, ծաղիկներ, կենդանիներ և նախընտրում էր իր ժամանակն անցկացնել քաղաքից դուրս, քան պալատում: Նա գումարը ծախսում էր ոչ թե հաճույքների վրա, այլ աղքատներին և կարիքավորներին օգնելու վրա: Ինչպես ընդունված էր այն ժամանակ Նա երիտասարդ տարիքում ամուսնացավ: Նրա կինը նույնպես սերում էր շատ հարուստ ընտանիքից, բայց նրա հետաքրքրությունները նույնպես հասարակ էին: Նրանք միասին աշխատում էին, որպեսզի թեթևացնեն նրանց հոգսը, ովքեր կյանքում ավելի վատ պայմանների էին արժանացել, քան իրենք: Նրանց տան դռները միշտ բաց էին ուտելիքի, ապաստարանի, օգնության կարիք ունեցողների համար: Նրանց կոչում էին «աղքատների Հայր և Մայր»: Երբ Բահաուլլայի հայրը մահացավ, Նրան առաջարկեցին զբաղեցնել Նրա տեղը պալատում, սակայն Նա հրաժարվեց:

1844թ-ի ամռանը` Բաբի Իր առաքելության հռչակումից երեք ամիս անց, Մուլլա Հուսեյնը Թեհրան բերեց Բաբի ուղերձով մի նամակ և հետևեց, որ այն ընկնի Բահաուլլայի ձեռքը: Կարդալով ուղերձը՝ Բահաուլլան ընդունեց Բաբին և դարձավ Նրա հետևորդը: Այդ ժամանակ Նա 27 տարեկան էր: Բահաուլլան երբեք անձամբ չի հանդիպել Բաբին, բայց գտնվում էր Նրա հետ մշտական նամակագրական կապի մեջ, ամբողջ սրտով աջակցում էր Նրա ուսմունքին և ձգտում էր այն տարածել: Արդյունքում Նա ընկավ դեռ քիչ հայտնի շարժման շարքերը, որի շահերն ամբողջությամբ հակասում էին Իր դասակարգի շահերին:

Երբ Բաբը բանտում էր, Բահաուլլան Նրա հալածվող հետևորդներին ամեն տեսակ աջակցություն էր տրամադրում: Նա երկու անգամ բանտ ընկավ, իսկ մի անգամ գիտակցաբար Իր վրա ուղղեց ամբոխի զայրույթը, որ թույլ տա կողմնակիցներին փախչել հետապնդումից: Պատահել է, որ Նրան ծեծել են և քարկոծել: Անվախ, անխոնջորեն Բահաուլլան աջակցում էր բաբիներին, օգնում էր նրանց և արժեքավոր խորհուրդներ էր տալիս: Երբ Բաբը հասկացավ, որ շուտով կմահանա, Նա Բահաուլլային ուղարկեց իր կնիքները, թղթերը և նամակ գրելու փետուրները: Բահաուլլայի ցուցումներով Բաբի մնացորդները Թավրիզից Թեհրան հասցրին և պահվեցին ապահով վայրում:

Շահի վրա հարձակմանը հաջորդող օրերին Բահաուլլան Մեծ Վեզիրի տանն էր հյուրընկալվում: Ընկերները Նրան խորհուրդ էին տալիս թաքնվել, մինչև հուզումները կհանդարտվեն, բայց Բահաուլլան հրաժարվեց: Դրա փոխարեն Նա ուղղվեց դեպի վաշտ, որին հրամայված էր բռնել և ձերբակալել Նրան: Այնտեղ Նրա արտաքին հագուստը պատռեցին և շղթայեցին: Ոտաբոբիկ և առանց գլխարկի, կեսօրի այրող արևի տակ Նրան տարան Թեհրանի բանտ: Հավաքված ամբոխը վիրավորանքներ էր տեղում և քարեր էր նետում: Բահաուլլան խնդրեց պահակախմբին դանդաղեցնել քայլքը, որ մի ծեր կնոջ թույլ տա քար նետել Իր վրա, քանի որ վերջինս չէր կարողանում հասնել թափորին:

«Մի վշտացրեք այդ ծեր կնոջը,-ասաց Նա: - Մի խանգարեք Նրան անել այն, ինչը նա աստվածահաճո է համարում» :

Սիյահ Չալ բանտը, որտեղ ուղարկվել էր Բահաուլլան, ի սկզբանե ծառայում էր որպես քաղաքի հասարակական բաղնիքներից մեկի ջրամբար: Նրան տարան ամբողջությամբ մութ միջանցքով եռահարկ պտուտաձև աստիճաններով, որոնք տանում էին գետնի տակ: Բանտախուցը մութ էր, խոնավ և լի էր միջատներով: Այնտեղ համարյա առանց հագուստի, առանց անկողնու տենդի մեջ այրվում էին հարյուր հիսուն մարդ: Գերակշռում էին մարդասպանները, կողոպտիչները և ավազակները: Նրանց մեջ բաբիների խմբում շղթայված էր նաև Բահաուլլան: Կալանակոճղերի մեջ գամված, ծանր շղթաները ընկած էին Նրա ուսերին. Նա չէր կարողանում ո՛չ վեր կենալ, ո՛չ պառկել: Այդ շղթաները մտել էին Նրա մարմնի մեջ, և դրա նշանները Նա կրեց ամբողջ կյանքում: Երեք օր ուտելիք կամ խմելու բան չէին տալիս: Երբ վերջապես ուտելիք բերեցին, այն թունավորված էր: Բահաուլլայի հանդեպ հարգանքը մեծ էր և իշխանությունները չհամարձակվեցին Նրան գլխատել: Ամեն օր բանտապահները կտտանքների և մահապատժի էին տանում բաբիներից մեկին: Եվ ամեն անգամ, երբ մահվան էին տանում բաբիներից մեկին, նա դիմում էր Բահաուլլային օրհնության համար, իսկ հետո ուրախությամբ գնում էր մահվանն ընդառաջ: Բահաուլլան հանգստացնում և սփոփում էր բոլոր բանտարկյալներին: Նա բաբիներին սաղմոսներ երգել էր սովորեցնում: Կալանակոճղերում գամվածների առաջին շարքը երգում էր. «Աստված ինձ ամեն ինչ տալիս է, հիրավի Նա Ամենառատաձեռն է»: Երկրորդ շարքը ձգում էր. «Հավատ ունեցողը վստահի Նրան» :
Բանտարկյալներն այնքան բարձր և ուրախ էին երգում, որ նրանց երգի ձայները մոտակայքում գտնվող շահի պալատ էին հասնում:

Նման պայմաններում Բահաուլլան բանտում անցկացրեց չորս ամիս: Երբ Նա այնտեղից դուրս եկավ, Նրա առողջությունը սաստիկ քայքայվել էր, պարանոցը` վնասվել, մեջքը` ծռվել. Նա հազիվ էր կարողանում քայլել:

Սիյահ Չալ բանտում Բահաուլլայի հետ հրաշալի իրադարձություն տեղի ունեցավ, որը նախանշեց, որ հենց Ինքն է այն Անձնավորությունը, «Ում Աստված կբացահայտի», այն Ավետյացը, ում գալուստի մասին մարգարեանում էր Բաբը:

«Այն օրերին, երբ Ես Թեհրանի բանտում էի և գրեթե չէի կարողանում քնել շղթաների սարսափելի քաշից և անհնարին գարշահոտությունից, մոռացության կարճատև պահերից մեկի ժամանակ Ինձ թվաց, թե Իմ գլխից դեպի կուրծք ինչ-որ բան հոսեց հզոր հոսքի նման, որ գահավիժում է գետին բարձր լեռան գագաթից: Իմ մարմնի բոլոր անդամները կարծես վառվեցին կրակով: Իմ լեզուն այդ պահին արտասանեց ինչ-որ բան, որին չէր դիմանա ոչ ոք, եթե լսեր:

Ո՛վ Արքա, Ես այլ մարդկանց նման էի, քնած էի իմ անկողնում, երբ հանկարծ Փառապանծի զեփյուռները համակեցին ինձ և տվեցին ինձ ամեն ինչի մասին գիտելիքներ: Այս Ինձնից չէ, այլ Նրանից, ով Ամենազոր է և Ամենագետ: Եվ Նա հրամայեց ինձ բարձրացնել իմ ձայնը երկնքի և երկրի միջև և հանուն ամեն ինչի ինձ բաժին հասավ այն, ինչից ըմբռնող մարդկանց աչքերից արցունքներ են հոսում… Նրա ամենաենթարկող հրամանը ինձ հասավ և ստիպեց խոսել մարդկանց միջև»:

Այդպես է գրել Բահաուլլան շահին ուղղված նամակում, որը վերաբերվում է Նրա կյանքի ավելի ուշ շրջանին: Նրանք, ովքեր Նրան բանտարկեցին, չկարողացան գտնել շահի վրա հարձակմանը Նրա մասնակցության փոքրագույն ապացույց անգամ: Շահի պալատում ռուս դեսպանն իր ազդեցությունն օգտագործեց Բահաուլլայի ազատ արձակման համար և Նրան Ռուսաստանում ապաստարան առաջարկեց: Շահը տատանվելով համաձայնեց բանտից ազատել Բահաուլլային: Այդպես 1852թ-ի դեկտեմբերին ավարտվեց Նրա բանտարկությունը սարսափելի հորում, որը հայտնի է Սիյահ Չալ անունով: Սակայն հենց այդ ստորգետնյա զնդանում Նրան՝ «անդրաշխարհիկ շղարշով պատվածին, գարշահոտությամբ շնչողին, սառնամանիքից և խոնավությունից սառցակալածին, ոտքերով կալանակոճղերին գամվածին» հայտնվեց բահայի Հայտնության ճշմարիտ սկիզբը:

Բահաուլլան զրկվեց ամբողջ ունեցվածքից և նախընտրելով Իրանից աքսորը Ռուսաստանում ապաստարանին, մեկ ամիս ստացավ, որ ընտանիքի հետ լքի Պարսկաստանը:

Նրա ունեցվածքն առգրավվեց և Բահաուլլան չկարողացավ նախապատրաստվել ճանապարհորդությանը: Ձմռան կեսն էր, ուժեղ սառնամանիքներ էին: Բահաուլլայի կինը՝ Նավվաբը հղիության յոթերորդ ամսում էր: Նա Ինքը վատառողջ էր և դեպի Բաղդադ ճանապարհը երեք ամիս խլեց: Աքսորյալները գնում էին ձյունապատ լեռներով, նեղ կածաններով գիշերներն անցկացնելով պարզունակ ապաստարաններում առանց ուտելիքի և քնի համար անհրաժեշտ բավարար հարմարությունների: Երեխաներին կերակրելու համար Բահաուլլայի կինը վաճառեց իր հագուստների արծաթյա կոճակները:

Աքսորը դեպի Իրաք


Ջախջախված և հիվանդ Բահաուլլան հասավ Բաղդադ 1853թ-ի ապրիլի 8-ին: Բոլորն արդեն կորցրել էին հույսը, որ Նա կհաղթահարի դժվարությունները կամ կենդանի կմնա տեղ հասնելուց հետո: Սակայն Նա կարողացավ ուշքի գալ:

Իրաքում Նա ապրեց տաս տարի: Շուտով Բահաուլլայի ազդեցությունը սկսեց զգացվել Իրաքի անգլուխ, անկման մեջ գտնվող և վշտացած բաբիների համայնքում: Այնուամենայնիվ հարազատ եղբոր՝ մարդկանց վրա Նրա ունեցած ազդեցության հանդեպ նախանձի պատճառով, Բահաուլլան ստիպված էր լքել քաղաքը, չցանկանալով դառնալ բաբիների միջև վեճերի և պառակտումների պատճառ: Մի անգամ Բաղդադ գալուց մեկ տարի անց Բահաուլլան հեռացավ քաղաքից:

Հաջորդ երկու տարիներին Նա որպես ճգնավոր անցկացրեց Քուրդստանի լեռներում: Քրդերը հպարտ և ռազմատենչ ժողովուրդ էին և հայտնի էին պարսիկների հանդեպ իրենց թշնամությամբ: Չնայած ճգնավորությանը, այնուամենայնիվ, Բահաուլլան Իր բարության և իմաստության շնորհիվ շուտով նրանց մեջ հռչակ ձեռք բերեց: Այդ շրջանի գիտնականները փափագում էին հանդիպել Նրա հետ: Նա հարգված և սիրված էր ինչպես գիտնականների, այնպես էլ անկիրթների կողմից, և շուտով Քուրդիստանի լեռների իմաստուն և սուրբ մարդու համբավը հասավ Բաղդադ: Իմանալով անսովոր ճգնավորի մասին՝ Բահաուլլայի ընտանիքը կռահեց, որ խոսքը գնում է Նրա մասին և Նրա մոտ սուրհանդակ ուղարկեց վերադառնալու խնդրանքով, որը Նա կատարեց Իր հեռանալուց ուղիղ երկու տարի անց (1856թ-ի մարտի 19-ին):

Բահաուլլայի բացակայությամբ բաբիների համայնքի իրավիճակը դեպի վատը փոխվեց: Հաջորդ յոթ տարին Նա զբաղվեց բաբիների դաստիարակության և ուսմունքի հիմունքների ուսուցման աշխատանքներով: Հորդորներով և անձնական օրինակով, բանավոր և գրավոր խոսքով, Նա բաբիների համայնքում փոփոխությունների հասավ և դրանով ապացուցեց, որ միակ մարդն է, ով ընդունակ է ապահովել շարժման կայունությունն ու մաքրությունը: Բաղդադը բաբիներին հիշեց որպես նպատակասլաց, կյանքի անկեղծ շարժառիթներով և պահվածքով մարդկանց: Բահաուլլան և Նրա կողմնակիցներն ապրում էին հասարակ և ժուժկալ կյանքով: Նրանք քիչ ունեցվածք ունեին, բայց նրանց կյանքը լի էր ուրախությամբ:

Քուրդ միստիկները և հոգևոր առաջնորդները, որոնք հյուրընկալել էին Բահաուլլային լեռներում այժմ Նրա մոտ Բաղդադ էին գալիս: Նրա հետ հանդիպում էին փնտրում նաև որոշ տեղական կրոնական գործիչներ: Շատերը դարձան Նրա հետևորդները: Միստիկները, բանաստեղծները, պետական պաշտոնյաները, արքայազները ձգտում էին ծանոթանալ Նրա հետ: Գալիս էին հիվանդներ և տառապյալներ, արդարության փնտրողները խռնվում էին դռան մոտ: Դրանք ոչ միայն մուսուլմաններ էին, այլև քրիստոնյաներ ու հրեաներ:

Բաղդադի տարիներին տաղերը թափվում էին Բահաուլլայի փետուրից: «Անկասկածելիության գիրքը» Նրա հիմնական աստվածաբանական գիրքն է, որը գրվել է երկու օրում և երկու գիշերում: Բաղդադում է Նա գրել նաև «Նվիրական խոսքերը», հոգևոր ղեկավարության փոքր, բայց հետաքրքրաշարժ գիրքը, ինչպես նաև «Յոթը հովիտ» առեղծվածային գիրքը, որը մտածված էր որպես սուֆի միստիկներին պատասխան:

Նախանձելով Բահաուլլայի աճող ազդեցությանը՝ Բաղդադի մուսուլման ղեկավարների խումբը, ղեկավարվելով Իրանի շահի կողմից, փորձում էր որակազրկել Նրան: Նրանք պահանջում էին հրաշք գործել, որը կընդունեին բոլորը: Բահաուլլան համաձայնվեց իրականացնել նրանց ընտրած ցանկացած հրաշք, բայց ուլեմները չկարողացան համաձայնության գալ և Բահաուլլայի մարտահրավերը մնաց առանց հետևանքների:

Բաղդադի Իրանի կոնսուլը, ով անհանգստացած էր Բահաուլլայի աճող փառքով, ջանքեր գործադրեց, որ Նրան աքսորի քաղաքից: Նա հասավ իր նպատակին: Բաղդադի նահանգապետը, ով խորապես հիացած էր Բահաուլլայով և արհամարհել էր Նրա աքսորի հինգ հրաման, վեցերորդ անգամ տատանվելով ենթարկվեց և Բահաուլլային ուղարկեց Օսմանյան կայսրության սուլթանի հրամանը դեպի Կոնստանդնուպոլիս Նրա տեղափոխման մասին:

Բահաուլլային աքսորելու լուրը Բաղդադում դժգոհության ալիք առաջացրեց: Նրա տան շուրջ խռնվում էին հարյուրավոր մարդիկ, որոնք լալիս էին և վշտանում Նրա մեկնման համար: Այնքան մարդ էր հավաքվել, որ Բահաուլլան ստիպված էր տեղափոխվել գետի մյուս ափին գտնվող այգի: Այնտեղ Նա տասներկու օր անցկացրեց՝ քաջալերելով և ոգեշնչելով իր հետևորդներին: Շատերը նախկինում էլ բնազդաբար զգում էին, որ հենց Նա է այն Անձը, Ում մասին մարգարեացել էր Բաբը, բայց Բահաուլլան ոչ ոքի և երբեք չէր հայտնել Իր առաքելության մասին: Միայն այստեղ Ռիզվանի այգում Նա պաշտոնապես հռչակվեց Իր հետևորդներից որոշների առջև՝ հայտնելով նրանց, որ Ինքը «Նա է, Ում Աստված կբացահայտի» և նրանց մեծ վիշտը փոխարինվեց ուրախության:

Հասարակական հռչակումը, որ Բահաուլլան բոլոր կրոնների Ավետյացն է, որ Նրա Հավատը նախատեսված է ամբողջ մարդկության համար, որ պատմության հորիզոնում նոր Օր է ծագում, տևեց տասներկու օր` 1863թ-ի ապրիլի 21-ից մինչև մայիսի 2-ը: Այդ ժամանակաշրջանը պատմության մեջ մտավ որպես Ռիզվանի տոն, որը ամեն տարի նշվում է Բահայի հավատի հետևորդների կողմից, որպես այդ կրոնի տոներից ամենասուրբն ու նշանակալիցը: Բահայիները նշում են այդ տոնի առաջին, իններորդ և տասներկուերորդ օրերը:

Աքսորը դեպի Թուրքիա


Դեպի Կոնստանդնուպոլիս Բահաուլլայի ճանապարհը հաղթարշավ էր: Քաղաքների և գյուղերի իշխանությունները, որոնց միջով անցնում էր Բահաուլլան, Նրան հարգանքով էր ընդունում:

Կոնստանդնուպոլսում Պարսկաստանի դեսպանը, կառավարությունից Բահաուլլայի դեմ բնակչությունը ոտքի հանելու ցուցումներ ստանալով, Նրան լկտի ինքնակոչ էր ներկայացնում, ով ոչ մի հարգանք չուներ օրենքների հանդեպ և ձգտում էր ոչնչացնել Օսմանյան կայսրությունը: Բահաուլլան Կոնստանդնուպոլսում մնաց չորս ամիս մինչև պարսիկ և թուրք կառավարությունները պայմանավորվեցին իրար միջև Նրա հերթական աքսորի մասին: Նա անմիջապես Ադրիանապոլիս տեղափոխվելու հրաման ստացավ (այժմ Էդրինե, Թուրքիայի եվրոպական հատվածում):

Դեկտեմբեր էր. ցուրտ ձմեռ էր, անգամ ծերերը չէին հիշում նման սառնամանիք: Բահաուլլան և Նրա ուղեկիցները ստիպված էին ճանապարհ ընկնել առանց պարենի բավարար պաշարի: Անձրևի և քամու տակ նրանք շարունակում էին իրենց ընթացքը խոնավ վայրում: Ճանապարհը տևեց ավելի քան տասներկու օր, հաճախ ստիպված էին գնալ նույնիսկ գիշերով. ամբողջովին հյուծված նրանք հասան Ադրիանապոլիս:

Ադրիանապոլսում Բահաուլլան անցկացրեց հինգ տարի: Այս անգամ Նա պաշտոնապես Օսմանյան կասրության բանտարկյալի կարգավիճակում էր, չնայած Նրա դեմ ոչ մի մեղադրանք չէր ներկայացվել: Ադրիանապոլսում Բահայի հավատը լուրջ ներքին ճգնաժամ ապրեց, որը ստեղծվել էր Բահաուլլայի եղբոր նախանձի պատճառով, ում անունը Միրզա Յահյա էր և ևս մեկ երիտասարդի Սեյիդ Մուհամմեդ անունով: Միրզա Յահյան նախանձում էր Բահաուլլային դեռ Բաղդադում և Կոնստանդնուպոլսում: Այժմ նախանձն այնքան էր հյուծել նրան, որ նա որոշեց սպանել Բահաուլլային՝ թունավորելով Նրա ուտելիքը: Թույնը Բահաուլլային մեծ տանջանքների ենթարկեց և այդ մահափորձի հետևանքները Նա զգում էր մինչև իր երկրային կյանքի ավարտը: Գտնվելով Ադրիանապոլսում՝ Բահաուլլան դիմեց թագավորներին և կրոնական առաջնորդներին Իր առաքելության պաշտոնական ներկայացմամբ: Այստեղ ինչպես նաև ավելի ուշ Աքքայում, Նա գրում էր եվրոպական տիրակալներին՝ կոչ անելով նրանց ընդունել նոր Հավատը: Նա նաև կոչ էր անում նրանց հարթել իրենց միջև գոյություն ունեցող վեճերը, կրճատել սպառազինությունը և սկսել ավելի լավ հոգ տանել իրենց ժողովուրդների մասին:

Անգլիայի թագուհի Վիկտորիային ուղղված նամակում Բահաուլլան գրել է.

«Աստված ամբողջ աշխարհի ապաքինման բարձրագույն միջոց և հզորագույն գործիք է ընտրել բոլոր ազգերի մեկ տիեզերական Գործում մեկ ընդհանուր Հավատում միավորվելը: Սրան հասնել չի կարելի այլ կերպ, եթե ոչ հմուտ, ամենազոր և ոգեշնչված Բժշկի միջոցով»:

Պատմում են, որ Վիկտորիա թագուհին հետևյալ խոսքերով արձագանքեց ուղերձին. «Եթե դա Աստծուց է, ապա չի մահանա, եթե ոչ, դրանից վնաս չկա»:

Բահաուլլայի առաքելությունը, որը բացահայտվել էր Նրան Թեհրանի Սիյահ-Չալ բանտում, բայց որի մասին մոտ տաս տարի Նա ոչ ոքի չէր ասում հասարակության առջև հռչակվեց 1863թ-ին` Ռիզվանի այգում` Բաղդադի մոտակայքում, իսկ այժմ 1868թ-ին այն տեղեկացվում էր աշխարհի տիրակալներին՝ բոլորին միասին և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Բահաուլլայից ոււղերձներ ստացան Նապոլեոն 3-րդը, ռուսական ցար Ալեքսանդր 2-րդը, Վիլհելմ 1 Պրուսացին, Ֆրանց-Իոսիֆ Ավստրիացին, Հռոմի պապ Պիյ 9-րդը, թուրքական սուլթանը և Իրանի շահը:

Հռչակման հենց այդ շրջանում Ադրանապոլսում սովորություն դարձավ Բահայի հավատի ներկայացուցիչների մոտ իրար ողջունել «Ալլահ-ու-Աբհա» (Աստված Ամենափառապանծ է) բառերով, և իրենք` Հավատի հետևորդները, սկսեցին իրենց բահայի անվանել: Իրանում և Իրաքում նրանք ենթարկվեցին դաժան հետապնդումների և շատերը ֆիզիկապես ոչնչացվեցին, չնայած դրան շարժումն ընդլայնվեց: Որոշ բահայիներ ուխտագնացություն կատարեցին Իրանից Իրաք և Ադրանապոլիս Բահաուլլային տեսնելու հույսով:

Ադրիանապոլսում թուրքական իշխանությունները Բահաուլլային հարգանքով էին վերաբերվում, ինչը զայրացնում էր այդ քաղաքի պարսիկ կոնսուլին: Վերջինս, ինչպես նաև Միրզա Յահյան և Սեյիդ Մուհամմեդը ձգտում էին հասնել Բահաուլլայի համար հետագա աքսորի: Նրանք Կոնստանդնուպոլիս էին ուղարկում կեղծ ամբաստանություններ, որպեսզի վարկաբեկեն Բահաուլլային՝ պնդելով, որ Նա մտադրված է ոչնչացնել Օսմանյան կայսրությունը:

Ադրիանապոլսի նահանգապետը, ով Բահաուլլային խորը հարգանքով էր վերաբերվում, մի քանի անգամ գրավոր հերքեց այդ մեղադրանքները: Սակայն վերջիվերջո կենտրոնական իշխանությունները աքսորի մասին հրաման արձակեցին:

Մի առավոտ Բահաուլլայի տունը շրջապատվեց զինվորներով: Քաղաքի բնակիչները՝ մահմեդականներն ու քրիստոնյաները փողոց դուրս եկան, որ լսեն հռչակվող հրամանը: Մի քանի երկրների կոնսուլներն իրենց ծառայություններն առաջարկեցին՝ ցանկանալով պաշտպանել աքսորյալներին, բայց Բահաուլլան չընդունեց նրանց միջնորդությունը: