Նվիրական խոսքեր
ՆԱ ԱՄԵՆԱՓԱՌԱՊԱՆԾ ՓԱՌՔՆ Է
Այս իջել էր փառքի արքայությունից` ասված զորավորության և ուժի լեզվով, և հայտնված էր հին անցյալ ժամանակների Մարգարեներին: Մենք վերցրինք սրա նվիրական էությունը և պատեցինք այն համառոտության հանդերձով` որպես առաքինիների հանդեպ ողորմածության նշան, որպեսզի նրանք հավատարիմ լինեն Աստծու Կտակին, իրենց կյանքով արդարացնեն Նրա վստահությունը և ոգու արքայությունում ձեռք բերեն Աստվածային առաքինության փայլաքար:
1. Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:
Իմ առաջին խորհուրդն այսպիսին է` ունեցիր մաքուր, սիրող, լուսափայլ սիրտ և կհասնես հավիտենական, հավերժական, անսահման թագավորության:
2. Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:
Իմ աչքերում ամենասիրած բանն արդարությունն է: Մի շրջվիր դրանից, եթե ձգտում ես դեպի Ինձ և մի արհամարհիր այն, որպեսզի Ես կարողանամ վստահել քեզ: Դրա օգնությամբ կտեսնես քո աչքերով և ոչ ուրիշի, կճանաչես քո ըմբռնումով և ոչ մերձավորի: Խորհիր այդ մասին քո սրտում, ինչպես պատշաճ է քեզ: Հիրավի, արդարությունն Իմ նվերն է քեզ և Իմ քնքուշ խնամքի նշանը: Ուրեմն, զետեղիր այն քո աչքերի առջև:
3. Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:
Լինելով գաղտնի Իմ անհիշելի գոյության և Իմ էության հավիտենականության մեջ` ճանաչեցի Ես Իմ սերը քո հանդեպ և այդ պատճառով ստեղծեցի Ես քեզ, դրոշմեցի քո վրա Իմ պատկերը և բացահայտեցի քեզ Իմ գեղեցկությունը:
4. Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:
Ես սիրեցի քո ստեղծումը, այդ պատճառով Ես ստեղծեցի քեզ: Ուստի, սիրիր Ինձ, որպեսզի Ես հիշատակեմ քո անունը և կյանքի ոգով լցնեմ քո հոգին:
5. Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:
Սիրիր Ինձ, որպեսզի Ես կարողանամ սիրել քեզ: Եթե չսիրես Ինձ, քեզ երբեք չի հասնի Իմ սերը: Գիտցի՛ր այս, ո՜վ, ծառա:
6. Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:
Քո Դրախտը Իմ սերն է, քո երկնային կացարանը վերամիավորումն է Իմ հետ: Ուրեմն, մտիր այնտեղ ու մի հապաղիր: Այս է նախանշված քեզ Մեր երկնային արքայությունում և Մեր վեհ Տիրույթում:
7. Ո՜Վ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՐԴԻ:
Եթե սիրում ես Ինձ, թեքվիր ինքդ քեզանից և եթե փնտրում ես Ինձ համար հաճելին, հրաժարվիր ինքդ քեզ սիրաշահելուց, որպեսզի դու մեռնես Իմ մեջ, իսկ Ես ապրեմ քո մեջ հավերժ:
8. Ո՜Վ, ՈԳՈՒ ՈՐԴԻ:
Դու հանգստություն չես գտնի, մինչև չհրաժարվես քեզանից և չդառնաս դեպի Ինձ, քանզի դու պետք է փառաբանվես հանուն Իմ անվան, այլ ոչ` քո և հույս դնես Իմ վրա, այլ ոչ` քո, որովհետև Ինձ ցանկալի է, որպեսզի միայն Ինձ սիրեն ամեն գոյից ավելի:
9. Ո՜Վ, ԳՈՅԻ ՈՐԴԻ:
Իմ սերն Իմ պատվարն է: Այնտեղ մտնողը պաշտպանված է և ապահով, իսկ դրանից թեքվողը անպայման ճանապարհից կշեղվի և կզոհվի: