Սիրո վարդեր

Հազարավոր դռներ է Նա բացում այնտեղ, որտեղ մարդն ի վիճակի չէ երևակայել թեկուզ մեկը: Բահաուլլա

Յուրաքանչյուր մարդու մեջ անհրաժեշտ է տեսնել միայն այն, ինչն արժանի է գովեստի: Վարվելով այսպես` կարելի է բարեկամ լինել յուրաքանչյուրին: Իսկ եթե մենք մարդկանց դիտենք նրանց սխալների տեսանկյունից, ապա բարեկամությունը նրանց հետ կդառնա անասելիորեն դժվար խնդիր… Այդ պատճառով մենք մեր հայացքն ուղղելով մարդկանց վրա` պետք է տեսնենք այն, ինչում նրանք հաջողության են հասել և ոչ թե այն, ինչում նրանք անհաջողություն են կրել: Աբդուլ-Բահա

Ես կոչում եմ ձեզ բոլորիդ և յուրաքանչյուրին առանձին. ձեր սրտի մտքերն ուղղել սիրո և համաձայնության նվաճմանը: Եթե ձեզ այցելում է պատերազմի մասին միտքը, դրան հակադրեք խաղաղության միտքը: Ատելության միտքը պետք է պարտվի սիրո` ավելի հզոր մտքով…

Մի՛ հուսահատվեք: Եղե՛ք հաստատակամ: Անկեղծությունն ու սերը կհաղթեն ատելությունը: Որքա՜ն անհնարին թվացող իրադարձություններ են կատարվում մեր օրերում: Մշտապես ձեր հայացքն ուղղեք Խաղաղության Լույսին: Յուրաքանչյուր մարդու վերաբերվեք սիրով: Սերը Սուրբ Ոգու շունչն է մարդկային հոգում: Եղե՛ք անվեհեր: Աստված երբեք չի լքում Իր երեխաներին, ովքեր ջերմեռանդ են աշխատանքում և աղոթքներում: Աբդուլ-Բահա

Դուք միևնույն ծառի պտուղներն եք և միևնույն ճյուղի տերևները: Վերաբերվեք միմյանց մեծագույն սիրով և հնազանդությամբ, բարյացակամությամբ և ընկերության զգացումով… Միասնության լույսն այնքան հզոր է, որ ընդունակ է լուսավորել ողջ երկրագունդը: Բահաուլլա

Բարի խոսքը գրավում է մարդկանց սրտերը: Այն հոգևոր հաց է, որը խոսքին տալիս է իմաստ, այն իմաստունության և ըմբռնման լույսի աղբյուր է: Բահաուլլա

Ճշմարիտ եմ ասում Ես. շուրթերը կոչված են հիշատակելու այն, ինչը բարիք է, մի ապականեք դրանք անարժան խոսքերով: Տերը ներել է ձեր անցյալը: Այսուհետև յուրաքանչյուրը պարտավոր է բարբառել միայն այն, ինչը վայել է ու պատշաճ և խուսափել անարգանքից, լուտանքներից և այն ամենից, ինչ մարդկանց տխրություն է բերում: Բահաուլլա

Երբ մարդը դիմում է Աստծուն, նա իր շուրջը տեսնում է լոկ արևի լույսը: Բոլոր մարդիկ նրա եղբայրներն են դառնում: Օտարերկրացիներին հանդիպելիս թույլ մի տվեք պայմանականություններին անտարբերության և սառնության պատճառ դառնալ… Բարյացակամությունը միայն խոսքերով մի արտահայտեք. թող ձեր սրտերը համակվեն սիրով ձեր ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց հանդեպ: Աբդուլ-Բահա Աստծուն վարձահատույց լինելու լավագույն միջոցը միմյանց սիրելն է: Աբդուլ-Բահա

Ո՜վ, Ոգու որդի: Իմ առաջին խորհուրդն այսպիսին է` ունեցիր մաքուր, սիրող, լուսափայլ սիրտ և կհասնես մշտնջենական, հավերժական, անսահման արքայության: Բահաուլլա

Աստված չի թողնում Իր երեխաներին անմխիթար, և երբ ձմռան խավարը խտանում է նրանց վրա, Աստված կրկին նրանց մոտ է ուղարկում նոր օրհնյալ գարուն բերող Իր Պատգամաբերերին` Մարգարեներին: Ճշմարտության Արևը նորից ծագում է աշխարհի հորիզոնում և, լուսավորելով քնածներին, արթնացնում նրանց, որպեսզի նրանք տեսնեն նոր օրվա փառքը: Եվ այդ ժամանակ մարդկության ծառը նորից ծաղկում է և տալիս արդարության պտուղ, որն ապաքինում է ժողովուրդներին: Աբդուլ-Բահա

Ո՜վ, Ոգու որդի: Իմ աչքերում ամենասիրած բանն արդարությունն է: Մի շրջվիր դրանից, եթե ձգտում ես դեպի Ինձ և մի արհամարիր այն, որպեսզի Ես կարողանամ վստահել քեզ: Դրա օգնությամբ կտեսնես քո աչքերով և ոչ` ուրիշի, կճանաչես քո ըմբռնումով և ոչ` մերձավորի: Խորհիր այդ մասին քո սրտում, ինչպես պատշաճ է քեզ: Հիրավի, արդարությունն Իմ նվերն է քեզ և Իմ քնքուշ խնամքի նշանը: Ուրեմն, զետեղիր այն քո աչքերի առջև: Բահաուլլա